Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 3.2007 (3)

Հարցազրույց բժիշկ-դեղաբան Դավիթ Պետրոսյանի հետ

Հարցազրույց բժիշկ-դեղաբան Դավիթ Պետրոսյանի հետ

Մեր հյուրն է բժիշկ-դեղաբան, "Մարդու առողջությունը" հիմնադրամի հիմնադիր, "Բժիշկ Պետրոսյանի դեղատոմսը" հեռուստատեսային հաղորդաշարի հեղինակ և վարող Դավիթ Պետրոսյանը, որն ինքն է վերջին տարիներին ամեն շաբաթ հյուրընկալում բժշկական աշխարհի ներկայացուցիչներին ու քննարկում նրանց հետ առողջապահությանը վերաբերող բազմաթիվ հարցեր։

 

Դավիթ Պետրոսյանը ծնվել է 1955 թ.՝ Մոսկվայում, 1979 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը և երեք տարի աշխատել է որպես անեսթեզիոլոգ։ 1982-92թ.թ. աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնում որպես ասիստենտ, 1992-1994թ.թ.` Դեղերի գործակալության տնօրենի տեղակալ։ 1994 թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ աշխատել է բժշկական դեղամիջոցների առևտրի ոլորտում։ 2001 թ. վերադարձել է Երևան, նորից սկսել է դասավանդել բժշկական համալսարանում, միաժամանակ ստեղծել է "Մարդու առողջություն" հիմնադրամը։ Նույն թվականից "Բժիշկ Պետրոսյանի դեղատոմսը" հեռուստատեսային հաղորդաշարի հեղինակն է և վարողը։

 

- Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր հաղորդաշարը։ Ինչպե՞ս եղավ, որ դեղաբանը դարձավ նաև հեռուստահաղորդավար։


- Թերևս ինձ համար էլ անհասկանալի է, քանի որ նախկինում երբեք կապ չէի ունեցել զլմ-ների հետ։ Իմ շփումը մամուլի հետ սահմանափակվել էր հեռուստաընկերությունների կողմից 2-3 հրավերով, որոնց ընթացքում ինձ հետ հարցազրույցներ էին վարել, որպես բժշկական համալսարանի ֆարմակոլոգիայի ամբիոնի աշխատակցի։ Իսկ հաղորդաշար ունենալու միտքը թերևս առաջացավ Մոսկվայում ապրելու տարիներին, երբ բավական շատ ժամանակ էի անցկացնում մեքենայի ղեկին ու բնականաբար սիրում էի ռադիոհաղորդումներ լսել։ Հենց այդ ժամանակ ցանկություն առաջացավ ստեղծել մի ռադիոնախագիծ, որը հենց ինքս էլ կվարեի։ Դիմեցի "Серебряный дождь" ռադիոկայան, որի ուղիղ եթերում ինձ առաջարկեցին ներկայացնել ծրագրի գաղափարը։ Համաձայնվեցի և մի քանի օրից, խիստ հուզված, գնացի ռադիոկայան ու ներկայացրի ծրագիրը, որի ժամանակ հարցազրույցի պետք է հրավիրվեին լայն մասսաներին անհայտ մարդիկ, կամ մարդիկ, որոնք ինչ-որ ժամանակ եղել են հայտնի, բայց հետո հանգամանքի բերումով "անհետացել են"։ Հիմնական գաղափարն այն էր, որ հաղթահարվեր հանրահայտ կաղապարը, ըստ որի հեռուստառադիո եթերում հայտնվում են անընդհատ նույն մարդիկ, հնչում են նույնատիպ հարցազրույցներ, ավելին, հաճախ ծրագրված կամ թեկուզ առանց ծրագրի.. հնչում են նույնատիպ պատասխաններ։ Իսկ հասարակությունը, ինչպես հայտնի է, միայն նշանավոր մարդկանցից չի կազմված. կյանքի բազմաթիվ ծալքերում ապրում, գործում, արարում են լայն հասարակությանը անհայտ, բայց շատ հետաքրքիր անհատականություններ, որոնք չունեն "աստղի" պիտակ։ Հաղորդման ընթացքում բազմաթիվ զանգեր ստացանք, ու հիմնական զանգվածը կարծես թե հավանություն էր տալիս իմ առաջարկած գաղափարներին։ Բայց սա խնդրի միայն մի կողմն էր։ Ինձ համար խիստ արտասովոր այս քայլի մասին ես մտերիմներիցս ոչ մեկին չէի ասել. շատ հուզված էի նույնիսկ այն գաղափարից, որ միլիոնավոր մոսկվացիներից յուրաքանչյուրը կարող է լսել ինձ` ընդամենը միացնելով իր ռադիոընդունիչը։ Միաժամանակ բացարձակապես վստահ չէի, որ ելույթս հաջող էր։ Ու երբ իմ ծանոթները հաղորդումից հետո զանգահարում էին և հարցնում՝ իրո՞ք իմ ձայնն էր եթերում, բացասական պատասխան էի տալիս։


Սակայն այդ հաղորդման ընթացքում, ինչպես հաճախ սիրում եմ կրկնել, վարակվեցի ''եթերի վիրուսով" և եթեր դուրս գալու գաղափարը արդեն ավելի ու ավելի ամրացավ մեջս։ Միաժամանակ, հաշվի առնելով մասնագիտությունս, ցանկություն ունեի ստեղծել հատկապես բժշկական ուղղվածության հեռուստածրագիր։ Եվ ահա Հայաստան կատարած հերթական այցիս ժամանակ պատահականորեն իմացա, որ "Պրոմեթևս" հեռուստաընկերությունում նման ծրագիր իրականացնելը բավականին իրատեսական է։


2001 թ. վերջապես մտահաղացումս իրականացավ, և եթեր հեռարձակվեց հաղորդաշարիս անդրանիկ համարը։ Սկզբնական շրջանում այն եթեր էր դուրս գալիս ձայնագրված տարբերակով, և, փաստորեն, չէր իրականանում կապը հեռուստադիտողի հետ։ Թվում էր, թե հենց առաջին հաղորդումից պետք է ձեռք բերեինք մշտական հեռուստալսարան, ճանաչում և այլն... Սակայն իրականում պարզվեց, որ այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ է տարիների տքնաջան աշխատանք։ Պարզվեց նաև, որ բժշկական հաղորդում կազմակերպելն ու վարելը այդքան էլ դյուրին գործ չէ։ Օրինակ հաղորդավարը պետք է լինի բժիշկ, ընդ որում պետք է լինի բավականին իրազեկ, պետք է նաև բավականին աշխատանքային փորձ ունեցող և հասուն տարիքի մասնագետ լինի։ Իմ դեպքում այս պայմանները առկա էին, իսկ դեղաբանի մասնագիտությունս թույլ էր տալիս վստահորեն մասնակցել բժշկության գրեթե բոլոր խնդիրներին նվիրված քննարկումներին։ Իհարկե, չեմ ուզում ասել, թե դեղաբանը ամեն ինչ գիտի, ինչպես մասնագիտացած բժիշկը, սակայն, կարծում եմ՝ դեղաբանի գիտելիքները, այնուամենայնիվ, բավարար են հաղորդում վարելու համար։ Կարծում եմ նաև, որ հենց այս գիտելիքների շնորհիվ է, որ իմ հաղորդման ընթացքում ես ոչ թե լուռ ունկնդրողի դերում եմ, այլ զրուցակցիս հետ կարողանում եմ քննարկել տարբեր խնդիրներ։

 

- Այս տարիների ընթացքում փոխվե՞լ է արդյոք հաղորդման ձևաչափը։


- Հիմանական փոփոխությունը կապված է եղել ուղիղ եթերի հետ։ Նախկինում, ինչպես նշեցի, հաղորդումը եթեր էր հեռարձակվում տեսագրված տարբերակով։ Ժամանակի ընթացքում կարիք զգացվեց փոխել այս ձևաչափը։


Հաղորդման ուղիղ եթերն ու ինտերակտիվ շփումները բավականին հետաքրքիր դարձրեցին հաղորդաշարը։ Վստահ եմ, որ հենց այս փոփոխությունն էլ նպաստեց մեր հեռուստալսարանի ընդարձակմանը։ Փոխադարձ կապի շնորհիվ սկսեցինք պատկերացում կազմել, թե ովքեր են հատկապես դիտում մեր հաղորդումներն, ու ինչ հարցեր են նրանց հուզում։ Այսինքն` մեր ծրագրերի հարստացմանը սկսեց մասնակցել նաև ինքը` հեռուստադիտողը։ Եթե նախկինում մտածում էինք, թե մեր հիմնական ունկընդիրները ավագ սերնդի կանայք են, ապա փորձը ցույց տվեց, որ ամեն ինչ կախված է կոնկրետ հաղորդման ընթացքում շոշափվող հարցից։ Օրինակ` մազակալությանը նվիրված քննարկման ժամանակ մենք բազմաթիվ զանգեր էինք ստանում երիտասարդ աղջիկներից, որոնք, փաստորեն, նույնպես ուշադրությամբ դիտում էին մեր հաղորդումը։

 

-Իսկ կա՞ արդյոք այժմ Ձեզ չբավարարող հանգամանք հաղորդաշարի ձևաչափում։


- Այո, այժմ արդեն ինձ չի բավարարարում ոչ միայն մեկ հյուր հրավիրելու հնարավորությունը, քանի որ բազմաթիվ հարցերի շուրջ զրուցելիս անհրաժեշտություն է առաջանում միաժամանակ լսելու մի քանի մասնագետների կարծիքներ։ Նրանք կարող են, մեկը մյուսին լրացնելով, ավելի բազմակողմանի ներկայացնել տվյալ խնդիրը։

 

- Իսկ ի՞նչն է խանգարում իրագործել այս մտահաղացումը։


- Մի շատ հասարակ և պարզ պատճառ. տաղավարը, որտեղ նկարահանվում է հաղորդաշարը, շատ փոքր է, և այն նախատեսված է միայն հաղորդավարի և մեկ հյուրի համար... Ուստի մենք այժմ պատրաստում ենք մի նոր տաղավար, և կարծում եմ` շատ շուտով հաղորդումը եթեր կհեռարձակվի այդ նոր տաղավարից։ Թերևս բավականին հետաքրքիր կլինի, եթե հնարավորություն ունենանք բժշկի հետ միասին հրավիրել նաև վերջինիս կողմից բուժված հիվանդների, ցույց տալ, օրինակ, որ չնայած բավականին ծանր պայմաններին, մեր բժշկությունը զարգանում է, հանրապետությունում իրականացվում են հիրավի ունիկալ վիրահատություններ, և ընդհանրապես, ամեն ինչ այնքան էլ վատ չի, որքան շատերը սիրում են ներկայացնել։


Ընդհանրապես, եթե նկատել եք, ես, այսպես ասած, բժշկամետ եմ, և իմ բոլոր հաղորդումների ժամանակ հանդես եմ գալիս բժշկի տեսանկյունից։ Ես "ներսից" գիտեմ բժշկի աշխատանքը, գիտեմ թե դա ինչ է, ծանոթ եմ բոլոր բարդություններին և ինձ համար շատ ցավալի է, երբ ժողովուրդը բժիշկներին վերաբերվում է որպես արհեստավորների, որոնք շահադիտական նպատակներով "հիվանդի են սպասում"։ Համոզված եմ ու իմ աշխատանքի ընթացքում փորձում եմ նաև մյուսներին համոզել, որ այդպես չէ։ Հայ բժիշկների ճնշող մեծամասնությունը սիրում է իր մասնագիտությունը, ունի բարձր որակավորում և իր գործունեության ողջ ընթացքում ջանք չի խնայում հիվանդին բուժելու, նրա կյանքը փրկելու համար։ Ցավոք, հիմա ամեն ինչ դիտվում է շուկայական հարաբերությունների տեսանկյունից, և քչերն են ըստ արժանվույն գնահատում բժշկի իսկապես անձնվեր աշխատանքը։

 

- Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ աշխատելով հեռուստատեսությունում` մնացել եք առաջին հերթին բժիշկ։


Ես շատ հարգում եմ բազային կրթություն հասկացությունը և ուզում եմ նշել, որ չնայած արդեն երկար տարիներ է, ինչ աշխատում եմ հեռուստատեսությունում, ես եղել եմ, կամ ու կլինեմ առաջին հերթին բժիշկ։ Ժուռնալիստիկա երբեք չեմ սովորել, և հեռուստալրագրողի իմ գործունեությունը հիմնված է ինքնուսուցման վրա։ Միաժամանակ կան որոշակի լրագրողական մեթոդներ, որոնցից պարզապես չեմ ուզում օգտվել` համարելով դրանք բավականին կեղծ և անմիջականությանը խոչնդոտող։ Ամեն դեպքում, ես առաջին հերթին բժիշկ եմ և հետո միայն` լրագրող ու նպատակ ունեմ իմ գործունեությամբ նպաստել առողջապահական տարբեր հարցերում բնակչության իրազեկության մակարդակի բարձրացմանը։

 

- Չի՞ խանգարում, արդյոք, հաղորդաշարը Ձեր բժշկական գործունեությանը։ Եվ արդյոք չէի՞ք ուզենա գտնել մեկին, որը կփոխարիներ Ձեզ հեռուստատեսության ոլորտում։


- Կարծում եմ` դեռ վաղ է նման հարց քննարկել, քանի որ ներկայումս հաղորդաշարը ինձնից այնքան էլ շատ ժամանակ չի խլում, և ինչպես միշտ, ես շարունակում եմ լիարժեք զբաղվել դասախոսական աշխատանքով։ Իսկ եթե կլինեն մարդիկ, որոնք ցանկություն կունենան ստեղծել, վարել բժշկական ծրագրեր, ապա հեռուստաեթերը չի բավարարվում միայն Հայկական 2-րդ հեռուստաալիքով։ Ինքս միայն ուրախ կլինեմ, եթե շատանան որակյալ առողջապահական հաղորդումները հայկական եթերում։

 

- Արդյոք կուզենայի՞ք համագործակցել տպագիր մամուլի, մասնավորապես մեր ամսագրի հետ, վարել էջ կամ մի որևէ խորագիր։


- Իհարկե, նման առաջարկը շատ հետաքրքիր և հրապուրիչ է, քանի որ մարդն ունի տարբեր ընկալիչներ և միևնույն ինֆորմացիան տարբեր ձևերով է ընկալում։ Բնականաբար, հեռուստաեթերից հնչած ու ամսագրի էջերում զետեղված նյութերը ունեն ինչպես իրենց մատուցման յուրահատուկ ձևը այնպես էլ` ունկնդիրը և ընկալման տեսակը։ Կարծում եմ, որ մեր համագործակցությունը կարող է բավականին բեղմանավոր և օգտակար լինել։


-Ի՞նչ կցանկանայիք մեր ընթերցողներին։


- Հասկանալի է` առաջին հերթին առողջություն։ Բացի այդ, ցանկանում եմ, որ ամսագիրը կայանա, հիմանվորվի և, որոշ ժամանակ անց հանդիպելիս, մենք արդեն քննարկենք ամսագրի հաջողությունների և ձեռքբերումների հիմքի վրա նոր ծրագրերի պլանավորման ու իրագործման խնդիրները։

 

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2007 (3)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

31.12.2013

Հարգելի Պետրոս, բարև Ձեզ, Ձեր նկարագրածը գոտևորող հերպեսն է, որն անպայման պետք է բուժի մասնագետը: Ձեզ ենք ներկայացնում հոդված.

http://www.dermatolog4you.ru/stat/lvov/gerpes_opojasyvajuchij_lvov.html

Պետրոս

28.12.2013

Ինչպես կարելի է բուժել կրծքի և մեջքի հերպեսը

Կարդացեք նաև

Կենսակտիվ հավելումներ. շրջանառության կարգավորման անհրաժեշտություն
Կենսակտիվ հավելումներ. շրջանառության կարգավորման անհրաժեշտություն

Վերջին տարիներին Հայաստանի շուկայում ակտիվորեն առաջ են մղվում բազմազան ու բազմաթիվ կենսաբանական ակտիվ բաղադրատարրեր պարունակող արտադրանք` հայտնի ''կենսակտիվ հավելումներ'' անվանմամբ...

Դեղագործական շուկա
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և պայքարը նրա դեմ
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և պայքարը նրա դեմ

Հարցազրույց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանի հետ...

Վարակաբանություն Բժշկի ընդունարանում Վեներաբանություն Բժիշկներ
Հիվանդությու՞ն է ծխախոտամոլությունը, և բուժվե՞լ է պետք արդյոք
Հիվանդությու՞ն է ծխախոտամոլությունը, և բուժվե՞լ է պետք արդյոք

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ահկ) դասակարգման համաձայն` ծխախոտամոլությունը համարվում էհիվանդություն. Հետևաբար ծխողներին պետք է վերաբերվել որպես...

Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում Միջոցառումներ
Ինչպե՞ս հրաժարվել ծխելու վնասակար սովորությունից
Ինչպե՞ս հրաժարվել ծխելու վնասակար սովորությունից

Արտասահմանյան մամուլում նկարագրվում է 5 օրվա ընթացքում ծխելուց հրաժարվելու միջոց, որն ամերիկյան մասնագետների կողմից առաջարկվել է աստղագնացների խումբ ընդունված օդաչուներին: Ահա այդ մեթոդը...

Օգտակար խորհուրդներ Վնասակար սովորություններ
Հայաստանի Մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերություն
Հայաստանի Մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերություն

Հիմնաադրրել է 1997 թ. որպես մասնագիտական հասարակական կազմակերպություն: Միավորում է հոգեբույժներին, հոգեբաններին և մանկական հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին...

Ասոցիացիաներ
Ի՞նչ ապագա ունի նորավարտ բժիշկը: Կադրային քաղաքականություն
Ի՞նչ ապագա ունի նորավարտ բժիշկը: Կադրային քաղաքականություն

Ի՞նչ ապագա ունի նորավարտ բժիշկը Երևանում, և որո՞նք են այս բնագավառի կադրային քաղաքականության հեռանկարները։ Այս հարցերը պարզելու նպատակով ներկայացնում ենք մեր թղթակցի հարցազրույցը...

Հրատապ թեմա Հայաստանում
Զրույցներ
Զրույցներ

Երիտասարդ արվեստագետ Սուրեն Համբարձումյանը մեզ է տրամադրել իր ստեղծագործական զինանոցից գործեր, որոնք համահունչ լինելով մեր կողմից որդեգրած մոտեցումներին, աչքի են ընկնում իրենց գեղագիտական մոտեցումներով...

Հրատապ թեմա Հայաստանում
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն

Խոսելով գլխացավի տարածվածության խնդրի մասին, հարկ է նշել, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 1000 մարդուց առնվազն 50-200-ը կանոնավոր կերպով գանգատվում են գլխացավից...

Ցավ
Լինել հարուստ և առո՞ղջ: Ինչո՞ւմն է կյանքի որակի գնահատման իմաստը
Լինել հարուստ և առո՞ղջ: Ինչո՞ւմն է կյանքի որակի գնահատման իմաստը

"Հիվանդությունը կյանքի սահմանափակման արդյունքն է"։ Ընդունված այս ձևակերպումը թույլ է տալիս լավագույնս բացահայտել "կյանքի որակ" հասկացության էությունը։ Ելնելով մեր երկրի առանձնահատկություններից...

Հրատապ թեմա Հայաստանում Առողջ ապրելակերպի հիմունքները
Վիտամիններ` B3 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին հիդրոքլորիդ)
Վիտամիններ` B3 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին հիդրոքլորիդ)

Պանտոտենաթթուն բարերար ազդեցություն է թողնում օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակության և մարսողական համակարգի վրա: Այն լիպիդների և ամինաթթուների նյութափոխանակության մեջ...

Վիտամիններ և միներալներ
Համբույրը զույգերի համատեղելիության ստուգման մի յուրօրինակ թեստ
Համբույրը զույգերի համատեղելիության ստուգման մի յուրօրինակ թեստ

Սոցիոլոգների կարծիքով միջին տարիքի եվրոպացին ամեն օր միջին հաշվով համբուրվում է 7 անգամ, երիտասարդները` 12 անգամ, իսկ 50-ն անց մարդիկ` մոտավորապես 2 անգամ: Հարկ է նշել, որ հարցման ենթարկված...

Սեր, հարաբերություններ, ընտանիք Թեստեր Գիտե՞ք, որ...
Ինչի՞ կարիք ունի մաշկը գարնանը
Ինչի՞ կարիք ունի մաշկը գարնանը

Ձմռան ցրտից հետո մաշկը նուրբ խնամքի կարիք ունի։ Ահա թե ինչու, ինչպես ձմռանը, այնպես էլ գարնանը, խորհուրդ չի տրվում լվացվել ծորակից հոսող սառը ջրով...

Դեմքի խնամք
Բուժական սնունդ` մանուկներին
Բուժական սնունդ` մանուկներին

Սակավարյունության դեպքում նշանակվող սնունդ։ Արյան մեջ երկաթի պարունակության պակասի պատճառով առաջացած սակավարյունության դեպքում երեխայի սնունդը պետք է հագեցնել այնպիսի մթերքով...

Երեխայի սնուցումը
Էխինացեան ինֆեկցված, կծած վերքերի բուժման բուսական դեղամիջոց
Էխինացեան ինֆեկցված, կծած վերքերի բուժման բուսական դեղամիջոց

Հարբուխն ու կոկորդում քերվածության զգացողությունը մեզանից յուրաքանչյուրին տարին առնվազն մի քանի անգամ անհանգստացնում են: Երեխաները միջին հաշվով տարեկան 8 անգամ հիվանդանում են սուր շնչառական...

Դեղաբույսեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ